Կայացավ Աննա Մանուկյանի և Ուտուրվիդես Վիլչեսի համերգը

Հայպետֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ հայ-իսպանական դասական երաժշտության համերգը: Վենեսուելայից Հայաստան ժամանած հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսը և դաշնակահարուհի, կոմպոզիտոր Աննա Մանուկյանը կատարեցին իրենց հեղինակային ստեղծագործությունները՝ ներկայացնելով նաև լատինաամերիկյան և հայկական երաժշտության միքսեր:

Լրագրողների հետ զրույցում Ուտուրվիդես Վիլչեսը նշեց, որ այս համերգը սկիզբն է հայ դաշնակահարուհու հետ իր համագործակցության: «Ես պատրաստվում եմ շրջագայել աշխարհի 50 երկրներում, և Աննա Մանուկյանի հետ մեր համատեղ ստեղծագործությունները ներկայացնելու ենք աշխարհի տարբեր բեմերից: Կարծում եմ՝ հիանալի են համադրվում լատինաամերիկյան ռիթմերը հայկականի հետ»,-ասաց Ուտուրվիդես Վիլչեսը:

Աննա Մանուկյանն էլ, խոսելով իր դաշնամուրային ստեղծագործությունները շեփորի հնչյունների հետ համադրելու փորձի մասին, նշեց, որ իրենք այսկերպ փորձել են ներկայանալ նոր ոճով, ինչը ստեղծագործական երկարատև աշխատանքի արդյունք է. «Որպես երիտասարդ ստեղծագործողներ՝ փորձել ենք նոր ասելիքով ներկայանալ հանրությանը: Սա նոր խոսք է, կատարման նոր ձև, որտեղ խաչվում են հայկական ու լատինաամերիկյան երաշտությունները: Նշեմ, որ մենք նաև նկարահանել ենք տեսահոլովակ: Այն նկարահանվել է Գառնու տաճարում և շուտով կհանձնենք հանրության դատին»:

Դաշնակահարուհին նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին՝ իր և Ուտուրվիդես Վիլչեսի համերգի կայացմանն աջակցելու համար. «Շնորհակալ եմ Հայպետֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի հեղինակներին: Այս նախագծի շնորհիվ է, որ հասարակությանը հայտնի դարձավ իմ «Տերևների պար» ստեղծագործությունը, որն էլ հիմք դարձավ իմ և լատինամերիկյան հայտնի շեփորահարի համագործակցության»:

Հավելենք, որ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, իսկ չընդհատվող ծափահարություններն էլ փաստեցին՝ Աննա Մանուկյան-Ուտուրվիդես Վիլչես համագործակցությունն իսկապես ստացված է:

Լուսանկարները՝ Անն Սուքիասյանի

Լուսաբանել է Lurer.com կայքը

 

 

Մենք facebook-ում